Սաակաշվիլիին միաձայն զրկեցին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից

Գիտխորհուրդը կդիմի նաև ՀՀ պատկան մարմիններին` Սաակաշվիլիին Հայաստանի Պատվո շքանշանից զրկելու պահանջով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին ընթացող Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստում միաձայն որոշում ընդունվեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին զրկել ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

ՀՀ ՄԻՊ–ը միջազգային կառույցներին կոչ է անում չթաքնվել քաղաքական պատրվակների տակ

«Բացի այդ, իմ առաջարկով միաձայն որոշվեց դիմել ՀՀ պատկան մարմիններին` վերոհիշյալ անձին Հայաստանի Պատվո շքանշանից զրկելու պահանջով: #Հաղթելուենք, չենք մոռանալու և ներելու ահաբեկչությանը և ահաբեկչական պետություններին սատարողներին»,– հավելում է Մելքոնյանը։

Հիշեցնենք` երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ դիմելու է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով։

ԱԱԾ–ն պետական դավաճանություն կատարելու դեպք է բացահայտել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օրերս Facebook–ում գրել էր. «Իմ դիրքորոշումը բավականին պարզ է և հիմնված է պետության ամբողջականության սկզբունքի վրա, այսինքն ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, և դա ոչինչ չի կարող փոխել»։

Սաակաշվիլին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանն է արժանացել 2009 թվականին։