ՊՆ–ն դիմել է կամավորներին

ՊՆ–ն կամավորագրվելու ցանկություն ունեցողներին հորդորում է իրենց քայլերը համաձայնեցնել զինկոմիսարիատների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ կամավորագրման գործընթացը պետք է խիստ կանոնակարգված լինի։

«Բարձր գնահատելով տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների` հայրենիքի պաշտպանությանը միանալու ցանկությունը, միաժամանակ, կոչ ենք անում այդ գործընթացն իրականացնել կանոնակարգված։ Արդեն իսկ գրանցվում են դեպքեր, երբ կամավորականներն առաջնագիծ են մեկնում առանց զինվորական կառույցների հետ իրենց գործողությունները համաձայնեցնելու»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն կամավորագրվելու ցանկություն ունեցողներին հորդորում է իրենց քայլերը համաձայնեցնել զինկոմիսարիատների հետ։

Նշենք, որ կամավորական շարժումը սկիզբ առավ մարտական գործողությունները սկսվելուց ժամեր հետո։ Այժմ հազարավոր մարդիկ զինկոմիսարիատների դիմաց սպասում են իրենց հերթին։ Ի դեպ, կամավորների մեջ քիչ չեն նաև կանայք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 84 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան