Մեր կռիվը մեր տուն-տեղ, հող-այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է. Մանսուրյան

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ներկայացրել է Արցախում սանձազերծված պատերազմի երկու՝ հայկական ու ադրբեջանական կողմերի շարժառիթները
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Մեր ամբողջ կռիվը մեր տուն-տեղ, հող, այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է: ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում Արցախի գոյապայքարն այս կերպ է մեկնաբանում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Հայկական կողմը Լելե–Թեփեում ադրբեջանական ուղղաթիռ է խոցել, որն ընկել է Իրանի տարածքում

Սիրված արվեստագետը նաև իր հիացմունքն ու հուզմունքն է արտահայտում հայրենիքի համար պայքարում միաբանված հայության նկատմամբ:

«Մի քանի օրում, թշնամական մի քանի համազարկերի արդյունքում, երևան եկավ այս հրաշալի բռունցքվելը»,- ասում է կոմպոզիտորը:

Ինչ վերաբերում է հակառակորդին, ապա Ադրբեջանի իշխանությունների տարածած հակահայկական, հակամարդկային քարոզչությունը, ըստ Մանսուրյանի, ուղղակի նողկալի է:

«Երբ մեկը կարող է քնած մարդուն կացնահարել, և նրան իշխանությունը հերոս համարի, սա մարդկության պատմության մեջ եզակի ստորության արտահայտություն կարող է լինել ու նողկանք առաջացնել: Այս բաները խորթ են սովորական մարդուն, էլ չեմ ասում՝ հային, որն ընդամենը իր տունը, իր հողը պահելու խնդիր ունի»,- ասում է Մանսուրյանը:

Կոմպոզիտորը գոյության պայքար մղող զինվորին բարի վերադարձ է մաղթում ու շուտափույթ խաղաղության հույս հայտնում՝ նշելով, որ պատերազմի ավարտից հետո ոչ միայն շարունակվելու է առօրյա կյանքը, այլև մեկնարկելու է նոր փուլ՝ ավերված բնակավայրերի վերականգնման ու շենացման փուլը:

«Ես հավատում եմ այդ ամենին»,- եզրափակում է Տիգրան Մանսուրյանը: