Մարտունիում ֆրանսիացի լրագրողներին ուղեկցող երիտասարդը զոհվել է

Հրետակոծության հետևանքով որովայնի հատվածում վիրավորում է ստացել նաև լրագրողներին ուղեկցող վարորդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախում հրետակոծության տակ հայտնված «Le Monde»–ի լրագրողների խմբին ուղեկցող երիտասարդը զոհվել է։ Տեղեկությունը հայտնում է Արցախում այս օրերին աշխատող Sputnik Արմենիայի թղթակիցը։

Մարտունի քաղաքում լրագրողները որոշել էին նկարահանել վնասված տները, զրուցել տուժած մարդկանց հետ։

Hetq պարբերականի տեղեկություններով` այնտեղ նրանց է միացել տեղացի մի երիտասարդ՝ Գրիշա անունով, որը տեղանքին ծանոթ էր։

Մարտունիում զոհվել է 4, վիրավորվել՝ 11 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ

«Լրագրողների խումբը պետք է այցելեր 5 տուն։ Առաջին տանը նկարահանումներն ավարտել են և դուրս եկել։ Փորձել են մոտենալ «Press» տարբերանշանով մեքենային, երբ արկերի ձայն են լսել երկնքում։ Մի պահ մտածել են, թե ձայնը հեռվից է լսվում, սակայն արագ կողմնորոշվել և տարբեր ուղղություններով վազել են»,– գրում է պարբերականը։

Հրետակոծության հետևանքով «Le Monde»–ի երկու լրագրողները վիրավորվել են։ Նրանցից մեկի` Ալան Կավալի վիճակը ծանր է, նրան տեղափոխել են Ստեփանակերտ, հիմա վիրահատում են։ Մյուսին` Յաղոբզադե Ռաֆայել Շարլզին, տեղափոխել են Մարտունու հիվանդանոց. վնասվածքը լուրջ չէ։

Հետքի տվյալներով` հրետակոծության հետևանքով որովայնի հատվածում վիրավորում է ստացել նաև լրագրողների տեղափոխող ավտոմեքենայի վարորդը։

Արդեն հայտնել էինք, որ ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում։ Կա երկու վիրավոր, նախնական տվյալներով` երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի են։

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի տվյալներով` այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, որոնց գերակշռող մասը արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում: Հավատարմագրման դիմումները նույն ինտենսիվությամբ շարունակվում են։

Լրագրողը պատմում է` ինչպես են իրենք ռմբակոծության տակ ընկել. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 96 ԱԹՍ–ից, 11 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան