ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 27-ին Արցախի Իվանյան բնակավայրի հրետակոծության ընթացքում արկերից մեկը բնակելի տան վրա է ընկել, ծակել տանիքը, առաստաղն ու հատակը։ Այդ պահին սենյակում քնած է եղել հղի կինն ու նրա մեկ տարեկան երեխան։
Ադրբեջանը երկու օր շարունակ գնդակոծել է Մարտունին. տեսանյութ
Արկն ընկել է մահճակալից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, բայց չի պայթել։ Կինը երեխային իր մարմնով է փակել՝ փռվելով գետնին։
Իվանյան համայնքի բնակիչ Բորիս Աղաջանյանն ասաց, որ առաջնագծում գտնվող կրտսեր որդու ընտանիքի հետ երկրորդ անգամ են ծնվել։
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան 7:15–ի կողմերն էր։ Բոլորը քնած էին, հարսս` որդուս ու երեխայի հետ, ես ու կինս։ Հանկարծակի դղրդյուն լսվեց։ Մտանք նրանց սենյակ ու տեսանք՝ հարսս մեկ տարեկան երեխային գրկել ու զարմացած հարցնում է` ի՞նչ եղավ», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրուցում պատմում է Բորիս Աղաջանյանը։
1993 թվականին Աղաջանյանը կորցրել է 9-ամյա դստերը։ Աղջիկը բակում խաղալիս չպայթած կասետային ռումբ է գտել։ Ռումբն աղջկա ձեռքում պայթել է, նա մահացել է։ Մյուս երեխաները, այդ թվում՝ նրա եղբայրը, վիրավորումներ են ստացել։
Կրտսեր որդին, որի ընտանիքը հրաշքով փրկվեց, արդեն հետո է ծնվել։