Եթե հիմա չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեծ խնդիր միջազգային հանրության համար. նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել CNBC հեռուստաալիքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ եթե չմիջամտեն հիմա, Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր իրենց համար: Պատկերացնո՞ւմ եք՝ Կովկասը դառնա մեկ այլ Սիրիա, հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը CNBC հեռուստաալիքին տված հարցազրուցի ժամանակ՝ ի պատասխան դիտարկմանը, որ աշխարհն այսօր զբաղված է այլ խնդիրներով ու խնդրին համարժեք և անհրաժեշտ միջազգային ուշադրություն դեռ չկա:

ՀՀ ՄԻՊ–ը միջազգային կառույցներին կոչ է անում չթաքնվել քաղաքական պատրվակների տակ

«Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը պատմական Հայաստանի մաս է եղել հազարավոր տարիներ: Այն մշտապես բնակեցված է եղել հայերով: Դա մի հիանալի լեռնային երկիր է քաջ ու հպարտ ժողովրդով՝ հայերով: Անգամ խորհրդային իշխանության տարիներին տեղի բնակչության 90 տոկոսը հայեր են եղել»,-ասել է Արմեն Սարգսյանը։

Վերջինս շեշտել է, որ հայերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամբողջ խնդիրը ընդունում են որպես Ադրբեջանի օգնությամբ Թուրքիայի կողմից մեկ այլ ցեղասպանության իրականացման փորձ: Սա հայերի համար անընդունելի է: Պայքարը կշարունակվի, և հայերը կապացուցեն, որ այս խնդիրն ուժի միջոցով չի լուծվելու, և ուզում եք դա, թե ոչ՝ մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղան:

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. Փաշինյան

«Եթե ուսումնասիրեք Թուրքիայի ներկայիս կառավարության գործունեությունը, թվում է, թե նրանք խնդիրներ ունեն իրենց շուրջը 360 աստիճանով՝ Միջերկրական ծովում, Հունաստանում, Լիբիայում, Իրաքում: Նրանք խնդիրներ են ստեղծում ամենուր»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հարցազրույցի վերջում Արմեն Սարգսյանն անդրադառնալով թուրք-ադրբեջանական հայտարարություններին, թե իբր Հայաստանը վտանգ է միջազգային էներգակիր նավթամուղի համար, նշեց, որ դա բացարձակ անհեթեթություն է, ու եթե մենք դա չենք արել 20 տարիների ընթացքում, ինչու պետք է ուզենք դա անել հիմա: