ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները միասնական հայտարարություն են տարածել` նշելով, որ Արցախում ռոումինգի սակագինը սահմանվում է 5 դրամ։
«2020թ. հոկտեմբերի 1-ի ժամը 18:00-ից սկսած` «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում ռոումինգի մուտքային (մինչ այդ գործող սակագինը՝ 14 դրամ) և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ), ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ու ֆիքսված ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ) հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
5 դրամ կարժենա նաև 1 SMS (կարճ) հաղորդագրությունն ու «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ՀՀ զանգահարելը։
Սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում:
Միևնույն ժամանակ, կապի օպերատորները հորդորում են զանգեր կատարել բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ «Ղարաբաղ Տելեկոմ»–ի ցանցը գերբեռնվածությունից հնարավորինս զերծ պահելու համար:
Օպերատորները նշում են` ռոումինգը վերացնելու իրավասություն չունեն, գործում են պետության կողմից տրամադրված լիցենզիաների և ՀԾԿՀ կողմից ընդունված իրավական ակտերի շրջանակներում՝ բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: