Ադրբեջանը հատուկ թիրախավորել է Արցախում աշխատող լրագրողներին. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրողների, «24News․am»-ի լրագրողի և «ArmeniaTV»-ի օպերատորի վիրավորվելու փաստին։

«Որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախային կրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան, որի հետևանքով լրագրողներ են ծանր վիրավորում ստացել»,– գրում է Թաթոյանը։

Լրագրողը պատմում է` ինչպես են իրենք ռմբակոծության տակ ընկել. տեսանյութ

ՄԻՊ–ը հատուկ արձանագրում է, որ լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուստով, լրագրողական տարբերանշանով: «PRESS» տարբերանշան է ունեցել նաև հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան:

«Այս ամենն ակնհայտորեն վկայում է տարբերակում չդնող քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին: Լրագրողների դեպքում դա առավել ևս դատապարտելի է. նրանք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո: Լրագրողական աշխատանքը պատերազմական կամ զինված հարձակումների ժամանակ հատուկ կարևորություն է ստանում՝ լինելով երաշխիք ոչ միայն աշխարհին իրական վիճակի մասին տեղեկություններ փոխանցելու, այլ նաև քաղաքացիական անձանց պաշտպանության հարցերում»,– գրում է պաշտպանը:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Արցախի վերաբերյալ հայտարարություն են տարածել

Հիշեցնենք` Ֆրանսիական Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան այս պահին վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարություն է արել, որտեղ հայտնել է, որ վիրավոր ֆրանսիացի լրագրողին Ֆրանսիա տեղափոխեու համար արդեն Հայաստան է ուղևորվել հատուկ ինքնաթիռ։

Մակրոնը նաև դատապարտել ու քննադատել է Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները, այդ թվում Սիրիայից հատուկ վարձկանների տեղափոխումը Ադրբեջան։