ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի արձակած արկը հայտնվել է Իրանում ու վնասվածքներ հասցրել մի երեխայի։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղանքը ցույց է տալիս, որ հարվածել է ադրբեջանական զինուժը։
Նշենք, որ Փարվիզխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում`Արցախ-Իրան սահմանին։ Այն Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից մոտ 10-12 կմ հեռավորության վրա է։
Ավելի վաղ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում։
ԱՀ ՊՆ–ն ընդգծել էր, որ միտումնավորություն չի եղել, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են:
Լրագրողը պատմում է` ինչպես են իրենք ռմբակոծության տակ ընկել. տեսանյութ
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 9 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 1 «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան