Հանդիպել են Դավիթ Տոնոյանն ու Ժոնաթան Լաքոտը. Ֆրանսիան խիստ անհանգստացած է

Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է ղարաբաղյան զարգացումներին: Նախարարը շեշտել է` Ադրբեջանի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այս հարձակումը ոչ մի արդարացում չունի, և ես այդ մասին ասել եմ Ալիևին». Մակրոն

Դեսպանը ցավակցություն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական զոհերի կապակցությամբ։ Նա նշել է` Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

«ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրները` զարգացնելով հաջողությունը և զսպելով հակառակորդի սանձազերծած ագրեսիան, իսկ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ և այդ գործընթացն արդեն սկսվել է»,– նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նախարարն ու դեսպանը պայմանավորվել մշտապես կապի մեջ լինել և տեղեկատվություն փոխանակել զարգացումների վերաբերյալ։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 96 ԱԹՍ–ից, 9 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, 1 «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։