ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի ամբողջ ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հանգստացնելուն։ Այս դիրքորոշումը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Յուրաքանչյուր պետություն պետք է իր ներդրումն ունենա իրավիճակը հանգստացնելու հարցում։ Բոլորը նույն կոչն են անում՝ խաղաղ լուծում փնտրել», -ընդգծել է դիվանագետը։
Խոսելով Թուրքիայի այն հայտարարության մասին, որ կաջակցեն Ադրբեջանին և՛ բանակցությունների սեղանի շուրջ, և՛ մարտի դաշտում, Զախարովան նշել է, որ «Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ նորություն չէ, այն նախապես հայտնի էր»։
«Չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի կամ որևէ այլ երկրի մեթոդոլոգիան։ Մեր հռետորաբանությունը տարբեր է, հայտարարություններն էլ են տարբեր։ Մենք Թուրքիա չենք, Ռուսաստանն ենք, դա պետք է հասկանալ բառիս բուն իմաստով ։ Դա մեր պատմությունն է, հակամարտությունների կարգավորման մեր միջոցներն էլ իրենց պատմությունն ունեն», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Դիվանագետը նշել է, որ աշխարհը ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին անգամ է բախվում այնպիսի իրավիճակների, որոնք մխացող են եղել, բայց սրվել են, և դրանց համար խաղաղ կարգավորման մեխանիզմներ կան։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում և՛ բանակցությունների սեղանի շուրջ, և՛ մարտի դաշտում։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան
Ի պատասխան դրան ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ղարաբաղյան գոտում հակամարտող կողմերին հանրավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակին։ Կրեմլում առաջին հերթին ելնում են հնարավորինս արագ հրադադար հայտարարելու ու մարտական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան