«Ձեր սոցցանցային լայվը հակառակորդի ԱԹՍ–ի համար անմիջական գործիք է». մեդիափորձագետ

Սամվել Մարտիրոսյանի խոսքով` սոցցանցերում մարդիկ դեռ չեն գիտակցում, որ կամավորների ավտոբուսները կամ շարժը նկարելով` ուղղորդում են հակառակորդի զինտեխնիկայի հարվածները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում հայտարարված ռազմական դրության ժամանակ սոցցանցերում արձանագրվում են բազմաթիվ խնդիրներ։ Մարդիկ ուղիղ եթերներով կարող են մեծ վնաս հասցնել հայոց բանակին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հայաստանը կուժեղացնի կիբեռպաշտպանությունն ու սեփական cloud-ծառայությունները կստեղծի

Նրա խոսքով`մարդիկ տեսանյութեր են հրապարակում իրենց սոցցանցային էջերում, չգիտակցելով, որ, օրինակ, կամավորների ավտոբուսները կամ շարժը նկարելով` ուղղորդում են հակառակորդի զինտեխնիկայի հարվածները։

«Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ նոր տիպի պատերազմներ են ընթանում և իրենց լայվը հակառակորդի անօդաչու թռչող սարքի համար հանդիսանում է անմիջական գործիք»,–ասաց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան