Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կոնկրետ իրավիճակներում ռուսական ռազմական բազայի ներուժը պետք է կիրառվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան հանրապետության անվտանգության կարևոր բաղադրիչ է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն արեց այսօր ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Երեկ թուրքական F-16 կործանիչը խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Հայ օդաչուն հերոսաբար մահացել է։ Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել էր, որ Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ–ի նկատմամբ։

Մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետին հարցրին՝ արդյո՞ք Երևանը դիտարկում է բազայի օգտագործման հնարավորությունը՝ Արցախում ընթացող մարտական գործողությունների համատեքստում սպառնալիքները չեզոքացնելու համար, մասնավորապես՝ հաշվի առնելով Թուրքիայի ակտիվությունը։

Նրա խոսքով՝ ռուսական բազան Հայաստանի անվտանգության համակարգի անբաժան մասն է, ու բազայի ներուժը պետք է օգտագործվի կոնկրետ դեպքերում։

 «Արդյո՞ք ներկայիս իրավիճակն այդպիսին է։ Հասկանալի է, որ ոչ։ Բայց լրիվ հնարավոր է` ստեղծվի իրավիճակ, որ պետք լինի օգտագործել բազայի ներուժը», - ասաց Փաշինյանը։

Փաշինյանը կարծում է, որ այժմ դժվար է կանխատեսումներ անել, քանի որ իրավիճակը բավականին անկանխատեսելի է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան