ՌԴ զինվորականները ուշիուշով հետևում են իրադրության զարգացմանը․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարին հարցրել են` կարելի՞ է միանշանակ ասել, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ զինվորականներն ուշիուշով հետևում են Լեռնային Ղարաբաղի շփման գծում ընթացող իրադարձությունների զարգացումներին, տեղեկությունները հանգամանորեն վերլուծվում են։

«Մենք մանրամասն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները բարձրագույն ու բարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից», - ասել է նա` պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլի կարծիքով Անկարան աջակցում է Բաքվին։

Պեսկովին խնդրել են պարզաբանել՝ կարելի՞ է միանշանակ ասել, որ Թուրքիան որևէ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, նա պատասխանել է, որ իր ասածին ավելացնելու բան չունի։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Արցախի հարցով խոսելու է Պուտինի ու Թրամփի հետ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 

Արցախա–ադրբեջանական շփման գոտում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան։ Ընդ որում` ուղարկել է նրանց, ովքեր կռվում էին Սիրիայի օրինական կառավարության դեմ։

Սեպտեմբերի 29–ին հայտնի դարձավ, որ թուրքական F-16 կործանիչը խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է։

ՊԲ–ն էլ այսօր տեղեկացրեց, որ Արցախում երկու ուղղությամբ թուրքական F-16 ինքնաթիռներ են կիրառվել։