ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ որոշումը խախտելը կարող է բավականին բարդ հետևանքներ ունենալ։
Երեկ ՄԻԵԴ–ն արցախա–ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների առնչությամբ հայկական կողմի ներկայացրած դիմումի հետ կապված որոշում է կայացրել, որում կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնցով կխախտվեն մարդու իրավունքները։ Սակայն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գիշերը կրկին ԱԹՍ–ներով կրակահերթ է բացել։
«Որոշման պայմանները չպահելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է։ Դատարանն Ադրբեջանի այդ քայլին կարող է անդրադառնալ իր ակտով` վճռով։ Դա բավականին լուրջ խախտում է համարվում, և հետևանքները կարող են տարբեր լինել»,–ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը նման լուրջ խնդիրների առաջ կանգնել է, ուստի չի բացառվում, որ հիմա էլ նման սցենար լինի։
Նշենք, որ ՀՀ–ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր դիմել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Հայկական կողմի պահանջը երեք կետից էր բաղկացած` պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան