ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո քաղաքացիական պաշտպանության համակարգը բերվել է բարձր, ապա լրիվ ռեժիմի։ Ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Բոլոր այն բնակավայրերը, որտեղ խաղաղ բնակչությունը ենթարկվել է հրետակոծության, իրականացվել է բնակչության պատսպարում, ապա նաև տարհանում։ Տարհանված մարդիկ պետության հաշվին ապահովվում են անհրաժեշտ պարագաներով և սննդամթերքով։
«Տարհանված մարդիկ տեղավորվել են Արցախի այլ բնակավայրերում, հիմնականում` հյուրանոցներում»,– նշեց նախարարը։
Այս պահին մոտ 1500 բնակչի հաշվով պարենային փաթեթներ են կազմվել տարհանված բնակիչներին աջակցելու համար։ Նախարարի խոսքով` բնակիչների կարիքները գնահատվում են հասցեական աջակցության համար։
Արցախի բնակչությանը հասցված վնասը ներկա պահին հաշվարկվում է։ «Վնասների գույքագրումից հետո մենք անմիջապես անցել ենք նաև վնասների վերականգնմանը։ «Հիմնականում դա վերաբերում է էլեկտրամատակարարմանն ու գազամատակարարման վերականգնմանը, որը հիմա ընթացքի մեջ է»,– ասաց նա։
Անդրադառնալով բջջային ու ինտերնետ կապի ոլորտում Ադրբեջանի հարձակման հետևանքով տեղի ունեցած խափանումներին` Արցախի պետնախարարը հայտնեց, որ մասնագետների աշխատանքի շնորհիվ կապը Արցախի տարածքում վերականգնվել է։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Մարտիրոսյանը կոչ արեց Արցախին ուղղվող օգնություններն իրականացնել բացառապես համակարգող մարմինների աջակցությամբ։ Նա վստահեցրեց` բոլոր ճանապարհներն անցանելի են, պարեն կա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։