Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսի պայթյունից հետո բարեկարգման աշխատանքները չեն դադարել

Լուսանկարում երևում է Վարդենիսի շենքերից մեկի առջև սալիկապատման աշխատանքները շարունակվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Վարդենիսում շարունակվում են քաղաքի բարեկարգման աշխատանքները։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook–ի պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է Վարդենիսի շենքերից մեկի առջև սալիկապատման աշխատանքները։

«Վարդենիսի շենացման աշխատանքները շարունակվում են։ Սիրուն և հզոր Վարդենիս...»,– լուսանկարին կից գրել է մարզպետը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հարվածն ուղղված է եղել երկաթգծին, բայց այլ կողմ է ընկել. Հովհաննիսյանը Վարդենիսում է

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Խուճապ չկա, տրամադրությունը մարտական է». Գեղամասարի մոտակայքում ԱԹՍ–ներ են խոցվել

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։