ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ Թուրքիան ու այլ երկրներ չմիջամտեն Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը, հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը։
«Լեռնային Ղարաբաղի ու նրա շրջակայքում տուժածների թվի արագ աճի պայմաններում Թրամփի վարչակազմը պետք է կոչ անի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անմիջապես ապառազմականացնել իրավիճակը։ Պետք է նաեւ պահանջի, որ այլ երկրներ, ինչպիսին Թուրքիան է, դուրս մնան այդ առճակատումից»,- գրել է Բայդենն իր Twitter-ի միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպատամենտն ավելի վաղ կոչ էր արել հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցությունների սեղանին՝ կարծիք հայտնելով, որ «արտաքին կողմերի» մասնակցությունը միայն կավելացնի լարվածությունը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 92 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։