Նախարարն ու մարզպետը հրապարակել են Վարդենիսում խոցված ավտոբուսի լուսանկարները

Լուսանկարներում երևում է ադրբեջանական կրակոցների հետևանքով մոխրացած ավտոբուսը, որից դեռ ծուխ է դուրս գալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook–ի իր էջում հրապարակել է Վարդենիսում խոցված ավտոբուսի լուսանկարը։

«Սրանով իհարկե Թուրքիան և Ադրբեջանը փաստում են, որ իրենց իրական թիրախը հայ ժողովուրդն է` զինվոր թե գյուղացի, մայր թե մանուկ։ Եվ ուրեմն կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Սփյուռքը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և հզոր Հայաստանում»,– լուսանկարին կից գրել է նա։

Խոցված ավտոբուսի կադրեր է հրապարակել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` նշելով. «Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան»։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Նման բան չկա և ընդհանրապես չի էլ լինում. ՊՆ–ն հերքում է Մարտունու զորամասի ոչնչացման լուրը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հայկական ԶՈւ–ն ստիպված է օգտագործել խոշոր տրամաչափի ռազմական տեխնիկա. ՀՀ ՊՆ