Հայկական ԶՈւ–ն ստիպված է օգտագործել խոշոր տրամաչափի ռազմական տեխնիկա. ՀՀ ՊՆ

Այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական ԶՈւ–ն ստիպված է օգտագործել խոշոր տրամաչափի ռազմական տեխնիկայի տեսակներ: Facebook սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ»,–գրել է նա։

Ստեփանյանը հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով:

Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: ՏՕՍ, «Սմերչ» և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի:

Նման բան չկա և ընդհանրապես չի էլ լինում. ՊՆ–ն հերքում է Մարտունու զորամասի ոչնչացման լուրը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վարդենիսում երկրորդ ճակատ բացելու փորձը նորություն չէ. Հովհաննիսյան

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։