Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել, բայց իրավիճակը կարող է փոխվել. դեսպան

ՌԴ–ում Հայաստանի դեսպան Տողանյանի խոսքով` Հայաստանի ղեկավարությունը քննարկում է ՀԱՊԿ-ին դիմելու հնարավորության հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի իրադրության կապակցությամբ դեռ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), սակայն իրավիճակը կարող է փոխվել։

«Մենք այժմ քննարկում ենք այդ հարցը։ Քննարկում է երկրի ղեկավարությունը», - ասել է Տողոնյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը մոտ մեկուկես ժամ առաջ տեղեկացրեց, որ թուրքական F-16-ը հայկական Սու-25 է խոցել Հայաստանի օդային տարածքում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Պետդուման Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն ընդունեց

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 92 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։