Դեղերն Արցախ կուղարկվեն վերահսկողություն անցնելուց հետո

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խնդրում է բոլոր նմանօրինակ նախաձեռնություններն իրականացնել պետական համապատասխան մարմինների հետ համատեղ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստանձնել է կամավորաբար հավաքվող և Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը։

«Մշտական հերթապահություն է սահմանվել պետական հավաքատեղիներում հավաքված դեղերի ժամկետների, պահպանման և կիրառության հսկողության նկատմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խնդրում է բոլոր նմանօրինակ նախաձեռնություններն իրականացնել պետական համապատասխան մարմինների հետ համատեղ` խիստ համակարգված և համաձայնեցված՝ հետևելով դեղերի պահպանման անվտանգության բոլոր կանոններին։

«Խուճապ չկա, տրամադրությունը մարտական է». Գեղամասարի մոտակայքում ԱԹՍ–ներ են խոցվել

Չափազանց կարևոր է, որ հայրենասիրական բոլոր այս քայլերն արվեն նպատակային, ոչ հախուռն և ճիշտ ուղղորդված։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ