ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանը համակարգված ատելության քարոզ է իրականացնում համացանցում։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այս բոլոր հարձակումներն ի սկզբանե ուղեկցվում են ատելության խոսքով։ Միշտ եղել է արմենոֆոբիայի բարձր մակարդակ ու գնալով բարձրանում է։ Էթնիկ հայերի նկատմամբ ատելության քարոզը սեպտեմբերի 27-ից սկսած կրում է համակարգված բնույթ` սոցիալական ցանցերով, որոնք նպատակ ունեն խաղաղ բնոկչության շրջանում առաջացնել վախ, տագնապ և այլն»,– ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով՝ հատկապես «Տիկ–Տոկ» ցանցում թիրախավորվում են հայազգի երեխաները, ինչից խուսափելու համար ՀՀ ՄԻՊ–ը կոչ արեց ծնողներին երեխաներին արգելել մուտք գործել հիշյալ ցանց։
Միաժամանակ համացանցում տարածվում են տեսանյութեր Ապրիլյան պատերազմից, կամ անգամ Հայաստանի հետ կապ չունեցող տեսանյութեր։ Միակ նպատակը հայ օգտատերերի շրջանում խուճապ ու անկումային տրամադրություններ առաջացնելն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։
Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։