ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ակնհայտ է, որ վտանգված է կանանց, երեխաների, տարեցների կյանքը, որովհետև մահացած մարդկանց թվում կա և կին, և երեխա և տարեց մարդ»,– ասաց Թաթոյանը։
Նա նաև շեշտեց, որ ագրեսիվ հարձակումների հետևանքով վիրավորների թվում ևս կան կանայք, երեխաներ ու տարեցներ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։
Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։