Երևանի ավագանու 5 անդամ կամավոր մեկնել են Արցախ

Կամավորական շարժումը սկիզբ առավ մարտական գործողությունները սկսվելուց ժամեր անց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Երևանի ավագանու անդամներից «Իմ Քայլը» խմբակցության հինգ կամավորներ մեկնել են առաջնագիծ: Տեղեկությունը հրապարակված է խմբակցության Facebook–ի պաշտոնական էջում։

Ըստ հաղորդագրության` Արցախ մեկնած ավագանու անդամներն են Արսեն Կարապետյանը, Վազգեն Դարբինյանը, Ասքանազ Աբրահամյանը, Էռնեստ Ավանեսովն ու Պավել Սարգսյանը։

«Բոլորիս մաղթում ենք համբերություն և ուժ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ կամավոր առաջնագիծ են մեկնել նաև նախարարների որդիները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։