21 մահվան դեպք և գրառում «մենք կանք»-ի մասին. ո՞վ պետք է զբաղվի ալկոհոլի շուկայով

Ընթացիկ ամսվա սկզբին Արմավիրում ալկոհոլային զանգվածային թունավորում եղավ, որը շատերի կյանքը խլեց։ Պատկան մարմինները շուկայում վերահսկողություն են իրականացրել, որը, սակայն, ըստ ոլորտի մասնագետի, ոչինչ չի տալիս սպառողին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ալկոհոլային խմիչքների շուկայում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արված վերահսկողության արդյունքները, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի, սպառողին որևէ ինֆորմացիա չտվող հաղորդագրություն է։ Պիպոյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով ՍԱՏՄ–ի` սեպտեմբերի 25-ին տարածած հաղորդագրությանը։

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում թունավորվածների թիվն ավելացել է ու հասել 50-ի

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ալկոհոլային խմիչքների շուկայում անցկացվել է 321 դիտարկում։ Արդյունքում 229 ընկերությունում խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91-ում բացահայտվել են օրենսդրության պահանջների խախտում։ Եղել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, հայտնաբերվել է 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք և այլն։ Մինչ այդ, մեծ աղմուկ էր հանել Արմավիրում ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքը, երբ միայն առաջին օրը 9 մարդ էր մահացել։

«Սննդամթերքի անվտանգության ոլորտը, եթե անգամ որևէ կապ ունի մաթեմատիկայի հետ, ապա միայն վերջին կետով։ Իսկ հաղորդագրությունը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ավելի շատ մաթեմատիկայի, այլ ոչ թե անվտանգության հետ. միայն թվեր են այնտեղ»,–ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով` հաղորդագրության մեջ չկա տեղեկատվություն, թե այսինչ ընկերությունում կա խնդիր, մեկ ուրիշում` ոչ։ Ըստ Պապոյանի` շարունակվում է արատավոր գործընթացը` հաղորդակցում են ապահովում, ցույց տալու, որ կան լիազոր մարմիններ, որոնք աշխատում են, այլ ոչ թե հաղորդակցում են ապահովում, որը սպառողների շահերից կբխի և կուղղորդի որտեղից ինչ գնել կամ չգնել։

Իսկ ինչ վերաբերում է ՍԱՏՄ հորդորին, թե անհայտ ծագման ալկոհոլային խմիչք գնել պետք չէ, ապա, Պիպոյանի մեկնաբանմամբ, նման կոչեր հնչում էին նաև Արմավիրի մասսայական թունավորման դեպքից առաջ։ Այսինքն` թունավորման դեպքից հետո շուկայում արված հետազոտությունը ոչ մի արդյունք չի տվել։

21 մահվան դեպք. ալկոհոլային թունավորումից ևս 1 մարդ է մահացել

«Տեղեկությունը, որը տրամադրվել է, տեղեկություն է ոչ մի բանի մասին, ավելի ճիշտ` դա «մենք կանք»-ի մասին հայտարարություն է։ Ի՞նչ տվեց սպառողին այդ հաղորդագրությունը։ Ինձ հետաքրքրում է` այդ հաղորդագրությունը կարդալուց հետո կարո՞ղ ենք ասել ուր չգնալ և ինչ չգնել։ Ոչ, նման տեղեկություն չի պարունակում այդ հաղորդագրությունը»,-ասաց Պիպոյանը։

Նա նշեց նաև, որ տարիներ առաջ ինչ-որ ծրագրով իրենք դասախոսություն են կարդացել ՍԱՏՄ–ի համար և ներկայացրել բանաձև, ըստ որի էլ կարող են հաղորդագրություն գրել։ Այդ բանաձևին հավանություն էր տվել նաև միջազգային փորձագետը, իսկ նման կարծիք ունենալու համար, ըստ Պիպոյանի, ՍԱՏՄ–ն վճարել էր։ Հիմա ՍԱՏՄ–ն այդ բանաձևին ամենին էլ չի հետևում։

Պիպոյանն ասում է, որ որպես մասնագետ` ցավ է ապրում, քանի որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ալկոհոլային թունավորումից 21-ը մահվան դեպք է գրանցվել, իսկ պատկան մարմինները ոչ թափանցիկ հաղորդագրություն են տարածում։ Նրա խոսքով, այդպես էլ այդ 21 մահվան պարագայում չլսեցինք, որ պետությունը պատասխանատվություն կստանձնի բացահայտելու և պատժելու բոլոր մեղավորներին։ Խոսքը ոչ միայն անհատների մասին է, այլ նաև նրանց, ովքեր կարող էին կանխարգելել կատարվածը, բայց չեն արել։ Այս ամենից հետո, ըստ Պիպոյանի, խոսել շուկան վերահսկող մարմնի` ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մասին, նույնն է, ինչ քննարկել ընդհանուր աղտոտված ջրում որևէ տարրի աղտոտվածության մասին։

«Թունավոր» օղու դեպքով մեղադրյալը կալանավորվեց. երրորդ թեստի պատասխանը բացասական էր

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Աշոտ Հովսեփյանն այս պահին կալանավորված է։