ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Պրոֆսոր Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մանրամասն ներկայացրել է, թե ում է կարելի և ում չի կարելի արյան դոնոր լինել։
Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին լուրերը սուտ են. Հովհաննիսյան
Այս հայտարարությունն արվել է ի հավելումն նախորդ օրվա ՀՀ առողջապահության նախարարության` ռազմական դրությամբ պայմանավորված արյան պաշարների ավելացման անհրաժեշտության մասին հայտարարության։
Կենտրոնը պարզաբանում է, որ եթե քաղաքացին որոշել է արյան նվիրատու դառնալ, ապա պետք է լինի
• 18 տարեկան,
• առնվազն 53 կգ (կանանց դեպքում), 63 կգ (տղամարդկանց դեպքում)
• արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր
• զարկերակը լինի 60-90 հարված րոպեում
Արյուն հանձնելն արգելված է`
• վարակիչ հիվանդությունների (ՄԻԱՎ-ՁԻԱՀ, հեպատիտ, սիֆիլիս, տուբերկուլյոզ, բրուցելյոզ և այլն) դեպքում,
• սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, արյան
հիվանդությունների դեպքում
• ռիսկային խմբերին պատկանող անձանց (նույնասեռականներ, մարմնավաճառներ, կալանավայրերում գտնվող անձիք)
Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներն են
• արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական գործիքային միջամտություններ (6 ամիս)
• վիրահատություններ, հղիության արհեստական ընդհատում (6 ամիս)
• 1 ամսից ավելի Հայաստանի Հանրապետությունից դուրս, վարակների էնդեմիկ օջախներում գտնված անձինք (6 ամիս)
• հղիության և լակտացիայի շրջան (ծննդաբերությունից մինչև 1 տարի, լակտացիայի ավարտից հետո 3 ամիս)
• դաշտանի ավարտից հետո ոչ պակաս, քան 5 օր
• Պատվաստումներ, դեղորայքի ընդունում (5 օրից մինչև 1 ամիս)
• ոգելից խմիչքների ընդունում (24 ժամ)
Արյունաբանության կենտրոնը նաև հայտնում է, որ արյունատվության օրը չի կարելի օգտագործել յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ։
Արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչք։
Արյունատվության պետք է ներկայանալ անձնագրով կամ զինվորական գրքույկով, ժամը 9.00-13.00-ը ամեն օր, բացի հանգստյան և տոնական օրերից:
Հիշեցենք, որ սեպտեմբերի 27-ին նախարարության հայտարարությունից րոպեներ անց Արյունաբանության կենտրոնի մուտքի մոտ դոնորների կիլոմետրանոց հերթ էր գոյացել։ Արյան նվիրատուների հերթերը չեն դադարում նաև այսօր։