«Քուրդ ժողովուրդը դատապարտում է Ադրբեջանին ու Թուրքիային և զորակցում հայերին». Հասանով

Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Կնյազ Հասանովն ԱԺ–ում հրապարակել է քուրդ ժողովրդին ուղղված իր կոչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Քուրդ ժողովուրդը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական գործողություններն Արցախում ու զորակցություն է հայտնում հայ ժողովրդին։

Ադրբեջանի իշխանությունը սպառնալիք է արցախահայության համար. ԱԺ–ն արտահերթ նիստ է անում

Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը։

«Մենք մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին ու միշտ կանգնելու ենք նրա կողքին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները բացահայտ ցեղասպանություն են իրականացնում քուրդ ժողովրդի նկատմամբ և 100 տարի առաջ այդ նույն ցեղասպանությունը կատարեցին հայ ժողովրդի նկատմամբ, ես կոչ եմ անում Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի իմ քուրդ հայրենակիցներին սատար կանգնելու ու իրենց զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին`դեմն առնելու թուրքական ու ադրբեջանական իշխանությունների՝ մեր ժողովուրդների նկատմամբ իրականացվող այս հեռահար նպատակներին»,– ասաց Հասանովը։

Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան. ՀՀ ԱԳՆԿնյազ Հասանովը նաև հիշեցրեց, որ օրեր առաջ

Թուրքիայի իշխանությունները ձերբակալեցին շուրջ 8 տասնյակ քուրդ գործիչների միայն այն բանի համար, որ նրանք հուլիս ամսին իրենց աջակցությունն էին հայտնել Սիրիայի տարածքում վարձկանների ձեռքով ցեղասպանվող իրենց հայրենակիցներին։

Նշենք, որ ՀՀ ԱԺ–ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն ընդունելու հարցով։

Պաշտպանության բանակն ադրբեջանական հերթական զինտեխնիկան է խոցել. տեսանյութ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։