ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանական կողմը շարունակում է լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնել շփման գծի ամբողջ երկայնքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ հրետակոծվել է Մարտունի քաղաքը, խաղաղ բնակավայրերի վրա նրանք շարունակում են կրակել, ինչը հղի է քաղաքացիական բնակչության շրջանում նոր կորուստների վտանգով»,- մեզ հետ զրույցում նշեց Պողոսյանը։
Նա նաև ընդգծեց՝ պաշտպանության բանակը տարածաշրջանում խաղաղության դերակատարում ունի և այսքան ժամանակ զսպել է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները։
«Թե Արցախի որևէ բնակավայրում, որևէ հատվածում դուք այսօր խաղաղության շունչ եք զգում, դա միայն ՊԲ-ի արդյունավետ գործողությունների արդյունքն է»,- եզրափակեց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ
ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Գիշերը մարտերը շարունակվել են. հայկական կողմը զգալի հաջողություններ ունի
Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։