«Հիմա պետք է դադարեցնել կրակը». Պեսկովը` ղարաբաղյան իրադրության մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակը խոսել է շփման գծի իրադրության սրացման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը լրջագույն անհանգստության պատճառ է Մոսկվայի և շատ այլ երկրների համար։

«Կարծում ենք, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ հակամարտության կարգավորումն ու ներկայիս սրացման հետևանքները պետք է անցնեն քաղաքական-դիվանագիտական հուն։ Հիմա պետք է հենց դադարեցնել կրակը, ոչ թե պարզել`  ով է ճիշտ, ով` մեղավոր»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Պաշտպանության բանակն ադրբեջանական հերթական զինտեխնիկան է խոցել. տեսանյութ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի. Վահրամ Պողոսյան

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ