ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։
Տեղեկացվում է նաև, որ գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։