ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր։
«ՀՀ–ն նոր փաստեր է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ»,–գրված է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է նաև, որ դեպքերի ծավալմանը զուգահեռ, ՄԻԵԴ կներկայացվեն նոր փաստեր:
Երեկ` սեպտեմբերի 27–ին նույնպես նույն հարցով ՄԻԵԴ դիմում էր ներկայացվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 59 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։
Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ