Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Գիշերվա ընթացքում արցախա–ադրբեջանական շփման գծում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ»,–գրել է նա։

Գիշերը մարտերը շարունակվել են. հայկական կողմը զգալի հաջողություններ ունի

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Արցախի ՊՆ-ն սահմանին նահատակված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել