ԱԱԾ–ն հորդորում է արցախցիներին իրենց տանն ընդունելու մասին գրառումներ չանել

Ադրբեջանական կողմն օգտագործում է հրապարակումները` ապատեղեկատվություն տարածելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ հրապարակումներից, թե պատրաստ են ընդունել արցախցիներին, քանի որ հակառակորդը դրանք կարող է օգտագործել ապատեղեկատվական սադրանքներ իրականացնելու համար:

Առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ

«Հայրենասիրական և մարդասիրական մղումներից ելնելով, www.facebook.com սոցցանցում մեր հայրենակիցները սկսել են կատարել գրառումներ, որոնցում պատրաստակամություն են հայտնում իրենց տներում ընդունել ռազմական գործողությունների հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիներին: Հորդորում ենք չանել նմանատիպ գրառումներ»,-նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ԱԱԾ–ն հայտնում է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ: Եվ նման անհրաժեշտություն ծագելու դեպքում կտրվի պաշտոնական հաղորդագրություն:

Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությւոնը նույնպես հայտնել էր, որ այժմ որևէ արցախցու ինչ–որ մեկի տանը տեղավորելու հարց չկա։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ վստահեցրել էր` Արցախից տեղահանում չի իրականացվում։