ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել հակառակորդի մարտական գործողություններից տուժած 8 քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Բոլորի մոտ առկա են տարբեր աստիճանի վնասվածքներ:7-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 1-ը` միջին ծանրության»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։
Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմն ունի 200 վիրավոր։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։