#Հաղթելու_ենք. անգամ սոցցանցերում ադրբեջանցիները վախենում են մենակ մնալ հայերի հետ

Արցախա–ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմը տեղափոխվել է նաև սոցցանցային տիրույթ։ Մինչ հայ օգտատերերը հայտարարում են, որ հաղթելու են, ադրբեջանցիները հույսները դրել են Թուրքիայի վրա ու բոլոր հրապարակումներում օգտագործում են #Ադրբեջանը մենակ չէ հեշթեգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մեծ իրարանցում առաջացրեց ոչ միայն հակամարտող երկրներում, այլև սոցցանցային տիրույթում։ Հենց առաջին օրը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում օգտագործեց #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ հեշթեգը և բոլորին հորդորեց Արցախում տիրող իրավիճակին վերաբերող հրապարակումներում օգտագործել այն։


Լրագրող, թուրքագետ Անի Ավետյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի` #Հաղթելու_ենք, և Ադրբեջանի` #AzarbaycanYalnızDeğildir (#Ադրբեջանը մենակ չէ) հեշթեգներին։

«Ադրբեջանցիները Հայաստանի դեմ ոչ մի կերպ իրենց չեն ուզում, չեն կարողանում մենակ պատկերացնել։ Գիտեն՝ իրենցից ահ չկա։ Ենթադրում են՝ Թուրքիայից կա։ Այս պահին հստակ է՝ Ալիևը Էրդողանից չի ստանում եղբայրության, երկու պետություն մեկ բանակի էֆեկտը այն ծավալով, որն ակնկալում է, սպասում է, երազում է»,–գրել է թուրքագետը։

Ռազմական փորձագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանն էլ Facebook-ի իր էջում գրել է, որ Թուրքիան բացահայտ քարոզում է պատերազմ Հայաստանի դեմ։

««Գլոբալ Հաբեր» հեռուստաընկերությունով քննարկում են, թե Հայաստանը որքան է իրենց խանգարում տարածաշրջանում, և որ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն արդարացված են, այլ ուշացած»,–շեշտում է քրդագետը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն` անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային նշել էր, որ Ադրբեջանի հետ կողք-կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և վերջիններիս տեղափոխում Ադրբեջան:

Վիվա-ՄՏՍ-ը բջջային ցանցի ենթակառուցվածքում հատուկ աշխատանքներ է իրականացնում

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին, ներկայում հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար»,–նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։
Վերջին տեղեկությունների համաձայն` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։
Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։