Բոլորս պետք է մեզ ԱՀ պաշտպանության բանակի զինվոր համարենք. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահը շեշտել է` այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ, կրկին փորձում է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով։ Facebook–ի իր պաշտոնական էջում նման գրառում է կատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի. ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

«Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը։ Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը։ Մենք բոլորս պետք է մեզ պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք կազմակերպված, միասնական ու ևս մեկ անգամ, ինչպես դա եղել է 1992-94թթ․, միահամուռ ուժերով ջախջախենք թշնամուն»,– գրել է Քոչարյանը։

Նա վստահություն է հայտնել, որ հայկական զինված ուժերը, իրենց թիկունքում ունենալով ողջ աշխարհասփյուռ հայության միակամ աջակցությունը, ի զորու են պաշտպանել Արցախի Հանրապետությունն ու հաղթանակ ապահովել։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ