ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik․ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով ու կոչ է անում հակամարտության կողմերին դադարեցնել մարտական գործողությունները։ Տեղեկությունը նշված է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր։
«ՆԱՏՕ-ն խիստ մտահոգված է Ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով իրականացվող լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով։ Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողությունները, որոնք արդեն զոհերի են հանգեցրել քաղաքացիական բնակչության շրջանում», - նշված է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նշված է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։
«Կողմերը պետք է վերականգնեն բանակցությունները խաղաղ կարգավորման ուղղությամբ։ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին», - նշված է փաստաթղթում։
Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԽԽՎ ղեկավար
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ադրբեջանը կարող է հարձակվել նաև Հայաստանի վրա. Փաշինյանի կոչը միջազգային հանրությանը