Հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը. ՌԴ ԱԳՆ-ի կոչը

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունն անդրադարձել է արցախա–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և հայտարարություն տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարարությունն արցախա–ադրբեջանական շփման գոտում ծավալված իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել։

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

«Ըստ առկա տեղեկությունների՝ կտրուկ սրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Շփման գծի երկայնքով երկու կողմերից ինտենսիվ գնդակոծություններ են ընթանում: Տեղեկություններ են ստացվում կորուստների մասին։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակի կայունացման նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են: