Հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային ուժի ու զինտեխնիկայի զգալի կորուստներ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի թիկունքին կանգնած է համայն հայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն: Արցախում ծավալված ռազմական գործողությունների մասին իր տեսաուղերձում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերաստին անցել է պատերազմական գործողությունների: Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է: Դա պատերազմ է մեր ազատության, անկախության ու արժանապատվության դեմ: Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին, քանզի մշտապես քաջ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքն ու ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնատիրությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որևէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմի»,-ասաց ՀՀ վարչապետը։

Ադրբեջանի բռնապետությունը, Փաշինյանի ձևակերպմամբ, իր իսկ հայատյաց քաղաքականության պատանդն է դարձել ու փորձում է իրականացնել իր քարոզչական խոստումները ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին:

Բոլորս հանուն Արցախի. սկսվել է համահայկական դրամահավաք

«ՀՀ-ն Արցախի Հանրապետության անվտանգության և անկախության երաշխավորն է և իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով կանգնած է Արցախի թիկունքին»,- ասաց Փաշինյանը:

Միաժամանակ, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը` որպես 1994թ-ի հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ, միջազգային քաղաքական, դիվանագիտական հարթակներում ձեռնարկելու է ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ու հակառակորդին խաղաղություն պարտադրելու բոլոր անհրաժեշտ քայլերը:

ՀՀ վարչապետը հայտնեց, որ ներկա պահին հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային ուժի ու զինտեխնիկայի զգալի կորուստներ:

Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն. կառավարության որոշումը

«Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ: Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը: Մենք միասնական ենք՝ ինչպես միշտ, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր ինքնությանը, մեր գոյությանը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Վիրավոր երեխաներ ու երիտասարդներ, վնասված տներ. լուսանկարներ Արցախից

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ