Գարեգին Բ–ն հանդիպել է Հռոմի պապի հետ և ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան

Վատիկանում Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ Գարեգին Բ–ն և Հռոմի պապը աղոթել են խաղաղության վերականգնման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ` ներկայացնելով Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սարձազերծված գործողությունները։

Հռոմի պապն աղոթել է Կովկասում խաղաղության համար ու կոչ արել բանակցություններ վարել

«Ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Կաթոլիկ Քույր Եկեղեցու և նրա հովվապետի ձայնը։ Դատապարտելով Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան՝ Գարեգին Բ Կաթողիկոսը հաստատել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարգմամբ և արդարության հռչակումով միայն հնարավոր կլինի վերահաստատել խաղաղությունն ու կայունությունը»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։Լ
Երկու հովվապետերը աղոթել են խաղաղության վերականգնման համար։

Առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պետրոսի տաճարում ներկա է գտնվել Սուրբ Պատարագի արարողությանը։ Պատարագիչ Լանզարի արքեպիսկոպոսը, ողջունելով Վեհափառ Հայրապետի ներկայությունը սրբազան արարողությանը, մասնակից եկեղեցականներին և հավատացյալներին տեղեկացրել է վաղ առավոտյան վերսկսված հակամարտության մասին։ Լանզարի արքեպիսկոպոսը ներկաների անունից զորակցություն է հայտնել Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ աղոթելով Արցախի և արցախահայության անվտանգ ու ապահով կյանքի վերահաստատման համար։

ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի. ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։