Ես պատրաստ եմ զոհվելու, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի. Փաշինյան

ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ հայկական կողմն ունի զոհեր և՛ զինվորականների, և՛ քաղաքացիական անձանց շրջանում: Նրա խոսքով` մեր կորուստներն էական են, իսկ հակառակորդի կորուստները` շատ էական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախում իրավիճակը շարունակում է մնալ լարված, շփման գծի ողջ երկայնքով մարտեր են մղվում: Տեղեկությունն այսօր ԱԺ-ի արտահերթ նիստում իր ելույթում ասաց ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հայտնեց, որ հայկական կողմն ունի զոհեր և՛ զինվորականների, և՛ քաղաքացիական անձանց շրջանում:

«Իրավիճակը լարված է, բայց զինվորականներն ասում են, որ առայժմ ամբողջական գնահատական տալու համար դեռ վաղ է»,- հայտնեց վարչապետը:

Հակառակորդի ևս մեկ անօդաչու սարք է խոցվել. տեսանյութ

Նրա խոսքով՝ Արցախում սանձազերծված պատերազմով հակառակորդը հայ ժողովրդի առաջ երկընտրանք է դնում` կա՛մ հրաժարվել Արցախից, կա՛մ ստանալ պատերազմ:

«Մենք պետք է ամուր կանգնենք մեր բանակի թիկունքին ու ապացուցենք, որ բավարար կամք ու վճռականություն ունենք մեր հայրենիքը, մեր ինքնությունը պաշտպանելու համար»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ մենք կհաղթենք:

Հաղթանակի նախապայմանն, ըստ վարչապետի, այն վճռականությունն է, որ մի միլիմետր անգամ չենք նահաջելու մեր պայքարում:

«Չկա զինվոր, չկա շարքային, չկա պատգամավոր: Մենք բոլորս մեր ժողովդի զինվորներն ենք»,- հայտարարեց Փաշինյանը: ՀՀ վարչապետի այս հայտարարությանը ԱԺ-ի դահլիճը ծափահարություններով պատասխանեց:

ԱԳ նախարարը շարունակում է օտարերկրյա գործընկերներին ներկայացնել շփման գծի զարգացումները

«Ես չեմ եկել ասելու, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները: Ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես: Ես պատրաստ եմ զոհվելու: Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի: Հայ ժողովուրդը ամուր ոտքերով պետք է կանգնի իր հողի վրա»,- ասաց նա:

ՀՀ վարչապետն իր ելույթում համայն հայությանը կոչ արեց պատրաստվել հաղթանակի և զոհողության:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Բոլորս հանուն Արցախի. սկսվել է համահայկական դրամահավաք

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։