ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն ամբողջությամբ գտնվում է ԱՀ նախագահի վերահսկողության տակ։
Միաժամանակ Պողոսյանը բնակչությանը կոչ է արել թաքստոցներից դուրս չգալ:
«Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: