Հաղթանակ. հայ դպրոցականների թիմը մեդալներ է շահել ամենահեղինակավոր օլիմպիադայում

Ռազմական իրադարձությունների ֆոնին կրթական հաղթանակը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ավարտվել է աշխարհում ամենահեղինակավոր մաթեմատիկայի օլիմպիադան, և հայ դպրոցականների թիմը շահել է 2 արծաթե, 3 բրոնզե մեդալներ և 1 գովասանագիր։ Տեղեկությունը հայտնում է ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը, որը եղել է դպրոցականների թիմի ղեկավարը։

Հայկական թիմում են եղել Մհեր Կարագուլյանը, Էրիկ Բաբասյանը, Վաչագան Դիլանյանը, Հայկ Կարապետյանը, Տիգրան Չտչյանն ու Վահագն Հովհաննիսյանը։

«Այսօրվա ռազմական իրադարձությունների ֆոնին այս կրթական հաղթանակը բոլորիս հիշեցնում է, որ ռազմի դաշտում հաղթանակների իմաստը հենց հայ հասարակության գոյության և արարման համար է։ Մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը»,– Facebook-ի իր էջում գրել է Գոգյանը։

Մեր թիմն օլիմպիադային մասնակցել է «Քվանտ վարժարանի» տարածքում, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշակերտներին իրենց գիտելիքներն են փոխանցել ֆիզմաթ դպրոցի ուսուցիչներ Տիգրան Մարգարյանը, Գուրգեն Ասատրյանը, նախկին օլիմպիականներ Ալբերտ Գևորգյանը, Գագիկ Մաղաքյանը և Սմբատ Գոգյանը։

Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում