Անհրաժեշտ է լրացնել արյան պահուստային քանակը. ԱՆ–ն դոնորության կոչ է անում

Նախարարությունը կոչ է անում արյուն հանձնելու համար դիմել միայն Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն կամ արյան բանկի մարզային կառույցներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Արյան պահուստային քանակը լրացնելու համար առողջապահության նախարարությունը կամավոր դոնորության կոչ է անում։ Տեղեկությունը հրապարակվել է նախարարության Facebook-ի էջում:

«6 գյուղ, չէ մի` 10 քաղաք». Հովհաննիսյանը` Ադրբեջանի կողմից գյուղեր «գրավելու» մասին

«Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր»,– նշված է ԱՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով շատերն են շ մոտենում տարբեր բուժհաստատություններ արյունատվության համար: Սակայն նախարարությունը կոչ է անում արյուն հանձնելու համար դիմել միայն Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն կամ արյան բանկի մարզային կառույցներ:

Ի դեպ, արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն:

Արյունաբանական կենտրոնն էլ տեղեկացնում է, որ ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արյան բանկն աշխատում է նաև այսօր: Կենտրոնից հորդորում են արյունատվության համար մոտենալ անձնագրով:

Վիրավոր երեխաներ ու երիտասարդներ, վնասված տներ. լուսանկարներ Արցախից

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։