Երեխաներին հեռու պահեք սոցցանցերից, իսկ մուտքը TikTok ընդհանրապես արգելեք․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է ծնողներին հեռու պահել երեխաներին հատկապես TikTok սոցիալական ցանցից՝ հաշվի առնելով այդ հարթակի անվերահսկելի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգության համընդհանուր կանոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հորդորում է Արցախում իրավիճակի սրման հետ կապված` հեռու պահել երեխաներին սոցցանցերից։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը Facebook–ի իր պաշտոնական էջում։

Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԽԽՎ ղեկավար

«Սիրելի՛ ուսուցիչներ, հորդորում ենք այս օրերին համագործակցելով ծնողների հետ, խստորեն վերահսկել երեխաների ներկայությունը սոցիալական ցանցերում, իսկ մուտքը TikTok ընդհանրապես արգելել՝ հաշվի առնելով այդ հարթակում անվերահսկելի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգության համընդհանուր կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը կարող է հարձակվել նաև Հայաստանի վրա. Փաշինյանի կոչը միջազգային հանրությանը