ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Թուրքական իշխանություններն աջակցում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիային։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, Անկարան վճռականորեն դատապարտում է «Հայաստանի հարձակումն Ադրբեջանի վրա»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Էրդողանի ներկայացուցիչը լիովին վերարտադրել է Բաքվի դիրքորոշումը, թե Հայաստանը «հարձակվել է քաղաքացիական բնակավայրերի վրա»։ Նա հայտարարել է, որ այդ պատճառով էլ այս կոնֆլիկտում Անկարան աջակցում է Բաքվին։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։
Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Մարտերը շարունակվում են: