ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։
«Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Դատարանը որևէ հիմնավոր փաստ չներկայացրեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությունը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի և ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է»,– նշված է հայտարարության մեջ:
Ըստ ԲՀԿ–ի` իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ , հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ և ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։
«Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»,– վստահեցնում է կուսակցության քաղաքական խորհուրդը։
ԲՀԿ–ն նշում է, որ մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի և սարսափի մթնոլորտ, ինչը չի ստացվելու։
«Գագիկ Ծառուկյանի և մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել և լռեցնել չի հաջողվելու և վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները: Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։
Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։
Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։