Տրամվայի ռելսերի ոդիսականը, կամ որքան մետաղի ջարդոն է դուրս տարվել Հայաստանից

Մեկ տարի առաջ, երբ ՀՀ կառավարությունը փորձեց սահմանափակել մետաղի ջարդոնի արտահանումը, այդ բիզնեսով զբաղվող ընկերությունները բողոքի ակցիաներ կազմակերպեցին և բեռնատարներով փողոցներ փակեցին։ Սերժ Սարգսյանի փեսան էլ Փաշինյանին մեղադրեց մետաղի ջարդոնի մաֆիան ղեկավարելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է ժամանակավորապես արգելել Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը։ Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան օրենքի նախագիծն արդեն մշակել ու հանձնել է հանրության դատին։ 

Հնարավոր է` Նուբարաշենի գերեզմանոցի քիմիական թափոնները ոչնչացվեն Իրանում

Նախարարությունն այս խիստ սահմանափակումը մեկնաբանում է տեղական արտադրողին պաշտպանելու, էժան հումքով ապահովելու և մշակող արդյունաբերությունը խթանելու մտադրությամբ:

«Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից ու թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը»,– ասված է նախարարության ներկայացրած հիմնավորումներում։

Ընդ որում` տեղական երկրորդային հումքի բացակայության դեպքում այս ընկերություններն ուղղակի ստիպված կլինեն փակվել։

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Այն, որ անկախության ողջ ընթացքում Հայաստանից մեծ ծավալով մետաղի ջարդոն է արտահանվել, անվիճելի է։ Այստեղ բավական է հիշել երևանյան տրամվայի գծերը։

2004-05թթ–ին տրամվայի ռելսերն ապամոնտաժվեցին, օտարվեցին ու արտահանվեցին։ Այդ մասին է վկայում ոչ միայն ՀՀ քաղաքացիների հիշողությունը, այլև պաշտոնական վիճակագրությունը։

Տարօրինակ պատահականությամբ, հատկապես 2007թ–ից սկսած Պետեկամուտների կոմիտեի` արտահանվող ապրանքախմբերի ցանկում առանձին տողով ու ծածկագրով ավելացավ «Սև մետաղներից արտադրված երկաթուղային ու տրամվայի գծեր» ապրանքախումը։

ՊԵԿ–ի տվյալներով` միայն 2007թ–ին Հայաստանից արտահանվել են շուրջ 326 տոննա ռելսեր, 2008-ին` 60 տոննա, իսկ 2009-19թթ–ին` շուրջ 12 658։ Այսինքն` 2007թ–ից ի վեր Հայաստանից 13 044 տոննա տրամվայի ու գնացքի ռելսեր են արտահանվել։

Համեմատության համար նշենք, որ Երևանի տրամվայի բոլոր ռելսերը միասին ընդհանուր 8 100 տոննա էին։

2000-ականների սկզբին ՀՀ կառավարությունը որոշեց ապամոնտաժել նաև Մեղրի-Կապան 40 կմ–անոց երկաթգիծը։ Հետագայում օրինական ու անօրինական կարգով ապամոնտաժվեցին նաև երբեմնի հզոր գործարաններին պատկանող, ինչպես նաև երկաթուղու կողմից չօգտագործվող ռելսերը։

Պատկերն ավելի ամբողջացնելու համար այս ամենին ավելացնենք նաև գործարաններից հաստոցների, սարքավորումների թալանը։

Արդյունքում միայն վերջին 20 տարում ՀՀ–ից արտահանվել է շուրջ 1 584 765 տոննա երկաթի, շուրջ 200 000–ական տոննա չուգունի ու պողպատի և ավելի քան 700 000 տոննա սև մետաղից պատրաստված խողովակների, ջեռուցիչների ու այլ իրերի ջարդոն։

Տրամվայի ռելսերի ոդիսականը, կամ որքան մետաղի ջարդոն է դուրս տարվել Հայաստանից

Ինչ վերաբերում է գունավոր մետաղներին, այստեղ ևս թվերը փոքր չեն։

Վերջին 20 տարում Հայաստանից արտահանված պղնձի ջարդոնը կազմում է 28 334 տոննա, ալյումինի ջարդոնը` 21 657, մնացած մետաղներինը (վոլֆրամ,մագնիում, կոբալտ, տիտան, ցիրկոն, մանգան և այլն)` 85 330 տոննա։

Հայաստանի անշարժ գույքի շուկան կորոնաճգնաժամի ֆոնին

Վերադառնալով կառավարության ներկայացրած նոր նախագծին` հիշեցնենք, որ այն Հայաստանից մետաղի ջարդոնի արտահոսքն արգելափակելու ՀՀ իշխանությունների առաջին նախաձեռնությունը չէ։

Մետաղի ջարդոնի արտահանումն արգելելու կամ գոնե սահմանափակելու փորձ կառավարությունն 2019թ–ին արդեն արել էր։ Մետաղի ջարդոնի արտահանմամբ զբաղվող ընկերությունները սկսեցին բողոքել այդ նախաձեռնության դեմ, անգամ բեռնատարներով փողոց փակեցին։ Խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Փոխարենը սկսվեցին փոխադարձ մեղադրանքները։

Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայտարարեց, որ Հայաստանում մետաղի ջարդոն արտահանման մաֆիա է գործում, ընդ որում` վարչապետի գլխավորությամբ, մետաղի ջարդոն արտահանող ընկերությունն էլ պատկանում է վարչապետին ու նրա կնոջը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականից զբաղվում են մետաղի արտահանմամբ` նույնիսկ առանց հարկերը մուծելու։