ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik.Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի տոնը այս տարի նշվել է առանց մեծ տոնախմբությունների, սակայն տրամադրություն բարձրացնելու միջոցառումներով։ Տեղեկությունը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։
Հիմնականում միջոցառումները երաժշտական և սպորտային են եղել։ Ստեփանակերտի Օղակաձև պուրակում անցորդներին ողջունել է փողային նվագախումբը՝ կատարելով սիրված մեղեդիներ, իսկ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում համերգ է կազմակերպվել։ Ստեփանակերտի N1 դպրոցի դաշտում տեղի են ունեցել մինի ֆուտբոլի և դարսի մրցույթներ, թեթև ատլետիկայի մրցույթ է կազմակերպվել քաղաքի կենտրոնական մարզադաշտում, Ստեփանակերտի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում էլ ավանդական մրցաշար է կայացել: Բացի այդ, գունազարդ հանդերձանք է տրվել քաղաքի տրանսպորտին։
Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին
Տոնի կապակցությամբ հանրապետության բարձրագույն իշխանությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի մասնակցությամբ, ծաղիկներ են խոնարհել Ստեփան Շահումյանի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով գործչի հիշատակին, որի պատվին 97 տարի առաջ անվանակոչվել է քաղաքը:
Քաղաքապետարանի աշխատակիցներն էլ օրվա երկրորդ կեսին անակնկալ այց են կատարել Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն, շնորհավորել ծննդկաններին ու օրվա նորածիններին, նաև եղել են այսօր կայացած հարսանյաց հանդեսներին, շնորհավորել նրանց։
Ստեփանակերտի տոնը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 26–ին։
Արցախում կորոնավիրուսով վարակվելու ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել